Քարվաճառի շրջանն այսօրվանից անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ

Այսօրվանի Արցախի հյուսիս-արևմտյան Քարվաճառի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Քելբաջարի շրջանը, հետևաբար նաև Արցախը հյուսիսից Հայաստանին կապող ճանապարհն Ադրբեջանին պետք է անցնեին նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը:

Այսօրվանի Արցախի հյուսիսային հատվածով դեպի Հայաստան, Վարդենիս մեկնելիս հայկական վերջին բնակավայրը, որը գտնվում է Մարտակերտի շրջանում և մնում է Ստեփանակերտի իրավազորության ներքո, Գետավան գյուղն է: Դրանից 2-3 կմ արևմուտք սկսվում է Շահումյանի կամ արդեն Քելբաջարի շրջանը: Գետավանը դարձել է սահմանամերձ:

«Ի՞նչ պիտի մտածեմ, ես ո՞վ եմ, որ մտածեմ կամ ի՞նչ ասեմ», – ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Հարցին, թե գյուղացիներն ի՞նչ մտքի են, ի՞նչ են ասում, «Ազատության» զրուցակիցը պատասխանեց. «Ոչ մեկը չգիտի, վաղն էլ կարող է գան ասեն ստեղից գնացեք, պիտի կամ գնանք, կամ ի՞նչ անենք»:

Գյուղի միջով հոսում է Թարթառ գետը, պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածել է կամրջին, մի մասը փլուզված էր, սակայն մեքենաները, այդ թվում՝ բեռնատար, շարունակում էին անցնել կամրջի վրայով:

Հարցին՝ ռուս խաղաղապահների ներկայությունից ապահով զգո՞ւմ են, Գետավանում փոքրիկ խանութ ունեցող Գառնիկ Մաթևոսյանը պատասխանեց. «Հա, որոշ չափով, որովհետև կոնկրետ չգիտենք՝ ինչ կարա լինի, ինչ չի կարա լինի»:

Ադրբեջանին փոխանցվելուց ժամեր առաջ՝ նոյեմբերի 24-ին, Քարվաճառի ամենահայտնի հայկական եկեղեցին՝ Դադիվանքը բազմամարդ էր։ Բազմաթիվ հայեր եկել էին, ինչպես իրենք էին ասում, հրաժեշտ տալու Դադիվանքին։ Մայրուղուց դեպի վանք տանող ճանապարհին ռուսական զինուժի երեք հենակետեր էին, վերջինը հենց համալիրի տարածքում։

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին բազմաթիվ էին փոքրիկ հյուրատները, ռեստորանները, խանութները և բենզա-գազալցակայաններ։ Մի երկու տեղ դեռ ապամոնտաժում էին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *