Թուրքիան նպատակ ուներ հասնել ՀՀ սահման, փակել Լաչինի միջանցքը, Արցախը թողնել շրջափակման մեջ. Վաղարշակ Հարությունյան

Որպեսզի գնահատենք, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն իր առջեւ սկսելով այս մարտական գործողությունները, պետք է դա անպայման կապենք Թուրքիայի հետ: Այս մասին «Զինուժ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ գերխնդիր ուներ Ադրբեջանն ի սկզբանե այսպիսի լայնածավալ մարտական գործողություններ սանձազերծելիս եւ ինչի կարողացավ հասնել անցած 12 օրերի ընթացքում:

Նա ընդգծել է, որ այստեղ գործում է ոչ միայն ադրբեջանական բանակը, այլ գործում է Թուրքիան, որն իրականացնում է իր աշխարհաքաղաքական խնդիրները, իսկ դա Թուրանի ստեղծումն է, ինչի մասին Էրդողանը բացահայտ հայտարարել է:

«Բոլոր պետությունները գիտակցում են, թե ինչ է անում Էրդողանը: Ինքը, սկսելով ռազմական գործողությունները, ուներ նպատակ՝ երկու ուղղություններով հասնել դեպի Հայաստանի սահման եւ փակել Լաչինի միջանցքը, Ղարաբաղը թողնել շրջափակման մեջ եւ լուծել իր խնդիրը: Եթե 12 օրը գնահատենք, կտեսնենք հետեւյալը՝ նա իրենց ողջ բանակի նույնիսկ առաջին օրվա խնդիրը չի կարողացել լուծել»,- ասաց Վաղարշակ Հարությունյան։

Իսկ թե ինչու է հակառակորդն իր հիմնական ուժերն ուղղել հարավային ուղղությամբ, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ այստեղ լուծվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրը՝ դուրս գալ Մեղրիի շրջանի սահմանին եւ փորձել հետագայում միավորվել Նախիջեւանի հետ:

Մյուս խնդիրը, որ ցանկացել է լուծել թուրք–ադրբեջանական բանակը, ըստ վարչապետի խորհրդականի, Իրանն այդ սահմանից կտրելն է, որպեսզի Թուրքիան լինի այնտեղ, որտեղ մյուս սահմանի այն կողմում ապրում են իրանցի ադրբեջանցիները, ուստի այս գործողությունները նաեւ ուղղված են Իրանի դեմ:

Հարցին, թե ռազմական այս գործողություններին Թուրքիայի կողմից իսլամիստ-ջիհադիստների ներգրավումը, արդյոք Թուրքիային որպես բանակցային կողմ ներգրավվելու պահանջը հարցականի տակ չեն դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը, Հարությունյանը պատասխանեց․ «Ադրբեջանը, որպես այդպիսին, որպես պետություն քաղաքական դերակատարում չունի, եւ այսօր գործում է թուրքական իշխանությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ համանախագահները հայտարարություն են անում՝ անհապաղ դադարեցնել կրակը, դրա պատասխանը տալիս է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նախագահը: Իլհամ Ալիեւն իր անձնական փողերը, անձնական իշխանությունը պահելու համար թաքնվում է Էրդողանի մեջքի հետեւում։ Այս ամեն ինչը ստեղծում է մեկ միավորում՝ թուրք-ադրբեջանական, որտեղ Ադրբեջանը կորցնելու է ամեն ինչ: Ես համոզված եմ՝ դա այնտեղ բերելու է լրջագույն հակասությունների»:

Հարցին, թե ի՞նչ է ցույց տալիս պատերազմական այս 12 օրերի դինամիկան, Հարությունյանն ասաց, որ այդ 12 օրերը ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական բանակը չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա խնդիրը, որովհետեւ ինքը չի կարողացել ճեղքել մեր պաշտպանությունը, նույնիսկ եթե ինչ-որ տեղ ունեցել է հաջողություններ, դրանք տակտիկական մարտավարական հաջողություններ են, որոնք իրենց որեւէ առավելություն չեն տալիս:

Ինչ վերաբերում է միջազգային դիվանագիտական մեր գործունեությանը, ըստ Հարությունյանի՝ այստեղ էլ ունենք հաջողություններ: «Մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, որ սա Թուրքիայի կողմից հրահրված եւ նրա անմիջական մասնակցությամբ վարվող պատերազմ է: Ամենակարեւոր կետը, որ Թուրքիան այստեղ բերում է վարձկաններին իսլամական պետության զինվորներին, որոնք փորձել են Սիրիան օկուպացնել եւ չի հաջողվել եւ ինքը հիմա Իդլիբի նահանգում ստեղծել է մի տեղ, որտեղ պատրաստում, զինում է ահաբեկիչների եւ ուղարկում է տարբեր ուղղություններով՝ Լիբիայի ուղղությունը, հիմա էլ նաեւ ուղարկում է Ադրբեջան»,- նշեց նա:Video Player

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *