Փորձելով պահել չեզոքություն. Radio Free Europe-ը՝ ԼՂ հակամարտությանն Իրանի դիրքորոշման մասին

Իրանը, որը սահմանակցում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի տարածքում հարևանների միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ մտահոգություն ունենալով, որ հակամարտությունը կարող է իր տարածքի վրա նույնպես ազդել, գրում է Radio Free Europe կայքը։

Աղբուրը նշում է, որ Թեհրանը հավասարակշռող դեր է կատարում երկու հարևանի համար, և չնայած ամբողջովին Ադրբեջանին աջակցելու մասին ներքին ճնշումներին՝ այն չեզոք դիրքորոշում ունի և հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործություններն ու վերադառնալ երկխոսությանը։  Նշվում է, որ միջնորդելու առաջարկը, արտահայտված մտահոգությունները և սահմանային գոտի պաշտոնյաների այցը ընդգծում են հակամարտության շուրջ Թեհրանի մտավախությունները, քանի որ այն, ինչպես Իրանի նախագահ Հասան Ռոհանին է զգուշացրել, կարող է տարածաշրջանային մեծ պատերազմի վերածվել։ 

Առավել ընդլայնված պատերազմը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Իսլամական Հանրապետության համար, որը փորձում է իր սահմաններն անվտանգ պահել։

Լեյդենի համալսարանի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պատմության ամբիոնի վարիչ Թուրաջ Աթաբակիի խոսքով՝ Իրանի հիմնական մտահոգություններից է տարածաշրջանում իր թշնամու՝ Իսրայելի աճող ներկայությունը։ Նշվում է, որ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի համաձայն՝  Ադրբեջանի ռազմական հիմնական մատակարարը Իսրայելն է։ 

«Իսրայելի անուղղակի ներկայությունն անհանգստացնում է Իրանին, Լեռնային Ղարաբաղի պատերազմում Իսրայելի ստվերն ենք տեսնում, այդ պատճառով էլ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է հնարավորինս շուտ վերջ դնել այս հակամարտությանը»,- նշել է Աթաբակին և հավելել, որ Իրանը վախենում է այս հակամարտության՝ տարբեր ուժերի անուղղակի ներգրավվածությամբ պատերազմի վերածումից և դրանում Թեհրանի թաթախվելուց։ 

«Համշահրի» օրաթերթի հետ զրույցում ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը նշել է, որ ներկայի հակամարտության հիմնական պատճառը «երրորդ կողմի տարրերն են, մասնավորապես` «սիոնիստական ռեժիմը» (արտահայտություն, որն իրանցի պաշտոնյաները օգտագործում են Իսրայելին անվանելու համար):

«Տարածաշրջանային և միջտարածաշրջանային երրորդ կողմերի տարրերն ազդեցություն են փնտրում և խանգարել են ճգնաժամի հաղթահարմանը»,- նշել է Սաղայանը։ 

Նշվում է, որ մոտ 20 միլիոն ադրբեջանցի և 100 000 հայ բնակչություն ունեցող Իրանը ԼՂ հակամարտության սրման ֆոնին նաև երկրի ներսում էթնիկ և սոցիալական բնույթի լարվածության առաջացման մտավախություններ ունի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *