«Այժմ դիտարկվում է Արցախում վիրավորված ռուս լրագրողներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունը»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ռուսական Աառաջին ալիքին հայտնել է, որ ԼՂ Շուշի քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված ռուս լրագրողներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, այժմ նրանց Ռուսաստան ուղարկելու հարցն է քննարկվում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Վիրավորված լրագրողին հաջողությամբ վիրահատել են, նրա մյուս երկու գործընկերները, որոնք ոչ պակաս ծանր վիրավորում էին ստացել, նույնպես անհրաժեշտ բուժօգնություն են ստացել։ Այժմ դիտարկվում է նրանց հայրենիք վերադարձնելու հարցը»,- նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր վիրավորում ստացած երեք լրագրողների մասին: Հայտնի է, որ նրանցից մեկը՝ ռուս բլոգեր Յուրի Կոտենոկը, գտնվում է ծանր վիճակում: Նշվում է, որ վիրավորներից մեկն էլ «Ռուսաստանի սպաներ» պորտալի թղթակից Լևոն Արզանովն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *